Մոսկվայում շաբաթ առավոտյան շարունակվում են ձյան առատ տեղումները, մոսկովյան օդանավակայաններում հետաձգված չվերթների թիվն ավելանում է, հայտնում է «Ինտերֆաքս»գործակալությունը։
«Աերոդրոմային ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, աերոդրոմային տեխնիկան թռիչքուղիների մաքրման աշխատանքներ է իրականացնում։ Դա կարող է չվերթների կես ժամից մինչև 2 ժամ հետաձգման տեսքով դժվարություններ առաջացնել»,- գործակալությանն ասել է ավիադիսպետչերական ծառայություններում աղբյուրը։
Բացի այդ, «Яндекс.Расписание» ծառայության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան մոսկովյան օդանավակայաններում հետաձգվել է մոտ 100 չվերթ, 6-ը՝ չեղարկվել։
Առավել բարդ է իրավիճակը «Շերեմետևո»-ում, որտեղ հետաձգվել է 65 չվերթ, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 31 չվերթ, 5-ը՝ չեղարկվել, «Վնուկովո»-ում հետաձգվել է 9 չվերթ, 1-ը՝ չեղարկվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արդեն չեղարկել է 20 ավիաչվերթ, որոնք պետք է դեկտեմբերի 2-ին ժամանեին կամ մեկնեին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից։
«Շերեմետևո» օդանավակայանում աշխատանքային սահմանափակումների հետևանքների հետ կապված՝ «Աերոֆլոտ»-ը փոփոխությունններ է մտցնում դեկտեմբերի 2-ի չվացուցակում»,- ասվում էր հաղորդագրությունում։
Մասնավորապես՝ չեղարկվել են «Շերեմետևո»-ի և Կրասնոյարսկի, Դոնի Ռոստովի, Միներալնիե Վոդիի, Դյուսելդորֆի, Կրասնոդարի, Մալագայի, Մինսկի, Միլանի, Հռոմի ու Ստամբուլի միջև չվերթները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ երեկոյան ավելի քան 100 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում՝ օդերևութաբանական կանխատեսումների ֆոնին:
ՌԴ «Հիդրոմետ» ծառայությունը դեկտեմբերի 1-ին եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել Մոսկվայում՝ կանխատեսվող ձյան տեղումների, մերկասառույցի, քամու և անձրևի պատճառով: