Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ «Սխոդնենսկայա» մետրոկայարանի մոտ, ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած մարդկանց՝ դառնալով 2 մարդու մահվան պատճառ, հայտնում է ria.ru-ն։
Տեղեկությունը հաստատել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Այժմ իրավապահները փորձում են պարզել ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները:
Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ «Սխոդնենսկայա» մետրոկայարանի մոտ, տրանսպորտի կանգառում սպասող մարդկանց վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը միջադեպի ժամանակ փորձել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով մխրճվել է կանգառի մեջ, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Յուրի Տիտովին:
Պաշտոնյան, սակայն, հերքել է դեպքի հետևանքով մարդկանց մահվան մասին լուրը:
«Ըստ նախնական տեղեկության՝ ավտոբուսի վարորդը մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ բախումից խուսափելու պահին կորցրել է ղեկի կառավարումն ու մխրճվել կանգառի մեջ»,- մանրամասնել է Տիտովը՝ նշելով, որ զոհեր չկան, սակայն դեպքի հետևանքով տուժել է 3 մարդ: