Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի՝ «Այրի կնոջ և դատավորի մասին առակի» հիման վրա (Ղուկ. 18: 1-5): Ըստ առակի՝ մի այրի կին անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին' իր դատն անի: Երկար խնդրանքներից հետո դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը:

Այս առակը պատմելուց հետո Քրիստոսը հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված էլ կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են: Այն պատմելուց հետո Քրիստոսն ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8):

Առակում Հիսուսը տալիս է Երկրորդ գալստյան գաղափարը: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել Ահեղ դատաստանի' արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն: