ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ երեկ Աջափնյակ թաղամասում վթարված տրոլեյբուսը վերանորոգելիս վայր ընկած տղամարդկանցից մեկը՝ 62-ամյա Գեղամ Քարամյանը, հիվանդանոցում մահացել է։
Տեղեկությունը հաստատել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արա Ղազարյանը։
Նա նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխված մյուս վիրավոր՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 67-ամյա Սիմոն Գասպարյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Աջափնյակ թաղամասում վթարված տրոլեյբուսը վերանորոգելիս երկու աշխատակից ընկել էին 4 մետր բարձրությունից: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատակիցները կանգնած են եղել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ԳԱԶ-53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, երբ հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա և բախվել տրոլեյբուսի վթարված ճոպանին: Արդյունքում աշխատակիցները վայր են ընկել մոտ 4 մետր բարձրությունից: