Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան որոշել է գնել S-400 համակարգերը Ռուսաստանից, քանի որ երկրի իշխանությունները կասկածներ ունեն ԱՄՆ-ից մատակարարումների վերաբերյալ: Այս մասին գերմանական Zeit թերթին տված հարցազրույցում ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը: «Դրանք մեզ շտապ էին հարկավոր, քանի որ մենք չունեինք հակաօդային պաշտպանության համակարգ: ԱՄՆ Կոնգրեսում կասկածների պատճառով մենք նույնիսկ սովորական զենք գնելու խնդիր ունեինք: Մենք պետք է ինչ-որ մեկից գնեինք»,- ասել է Չավուշօղլուն:
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Թուրքական իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ից գնել Patriot հրթիռային պաշտպանության համակարգերը, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, բայց դրա համար երաշխիքներ են պետք ԱՄՆ կառավարությունից և Կոնգրեսից: