Գյումրիում կրկին դանակահարության դեպք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացրին Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից, մարտի 20-ին ժամը 20:50-ին շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխվել 2 տուժած:

Մանուկ Հ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, իսկ Մանվել Հ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք և հոնքի պատռված վերքեր, վնասվածքներ նաեւ սրտի շրջանում, իսկ որովայնում արյուն է կուտակված եղել:

Նրանց առողջական վիճակը ծանր է: Կատարվել է վիրահատություն: Ըստ տեղեկությունների՝ տուժածները երկու եղբայր են: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Ղուկասյան փողոցում՝ եղբայրների տան դռան առաջ: Դեպքի մանրամասները պարզում է ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժինը: