Այս տարի, նախորդ տարվա համեմատ, ունեցել ենք ընտանեկան բռնության և դրա տեսակների աճ և այս աճը պայմանավորված է ինչպես քաղաքացիների դիմելիության աճով, այնպես էլ՝ իրազեկվածության բարձրացմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը:
Վերջինիս խոսքով՝ Քննչական կոմիտեում վարույթ ընդունված քրեական գործերը հանցագործությունների դեպքերով են հարուցված և հասարակության մեջ տիրող տեսակետը, թե մեկ ապտակը կարող է դառնալ քրեական գործ հարուցելու պատճառ, իրականությանը չի համապատասխանում. «Եթե նախորդ տարի բավականին մեծ թիվ են կազմել ծանր և բավականին ծանր հանցագործությունները, ապա այս տարի ծանր ելքովները բավականին նվազել են, սակայն նվազում չկա միջին ծանրության հանցագործությունների և բռնությունների նկատմամբ: Եթե 2016 թվականին 222 ծեծի դեպքով քրեական գործ էր հարուցվել, ապա այս տարի ունեցել ենք 66 դեպքով ավելի»,-ասաց Թումասյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիները սկսել են ավելի վաղ փուլում դիմել համապատասխան մարմիններին և դրա շնորհիվ հնարավոր է լինում կանխել ավելի բարդ դեպքերը:
ԼՈւՐԵՐ.com-ը Թումասյանին խնդրեց ներկայացնել երեխաների նկատմամբ սեռական բռնության կիրառման վիճակագրությունն ու դրանք ծնող պատճառները. «Օրինակ՝ 2015 թվականին հարուցվել է 131 քրեական գործ, որի 60 տոկոսը երեխաներ են, 2016 թվականին հարուցված քրեական 157 գործերից 70 տոկոսն են երեխաներ: Սեռական բռնության ենթարկված երեխաների տարիքը 4-15 տարեկանն է: Հիմնական գործոնները երեխաների անպաշտպանվածություն է, հաճախ նրանց կողմից իրականացվող պրովոկացիան, մեծ երևալու ձգտումը, սիրահարվածությունը, մանկահասակ տարիքում բռնության ենթարկված երեխան մեծանալիս շատ դեպքերում նույնպես կիրառում է բռնություն, սեռական հանցագործության դեպքեր են իրականացվել նաև երեխաներին վերահսկողների կողմից. օրինակ հարևանը, ով պետք է հետևեր երեխային, սեռական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ»,-ասաց Թումասյանը՝ ընդգծելով, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնություններ կիրառվում են նաև համացանցի միջոցով:
Խոսելով սեռական բռնության ենթարկման դեպքերի մասին՝ Թումասյանը նկատեց, որ Երևանում և մարզերում վիճակագրությունը գրեթե նույն ցուցանիշն է արձանագրել, սակայն մեկ տարբերությամբ. «Օրինակ, Արմավիրի մարզում արձանանագրվել է սեռական բռնության ամենաշատ դեպքերը»,-ասաց Դավիթ Թումասյանը՝ նշելով, որ նախատեսված պատժամիջոցը սեռական հանցագործության դեպքում տատանվում է 4-12 տարվա միջակայքում: