Դիարբեքիրի փաստաբանների պալատը նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ պատրաստել է զեկույց, համաձայն որի՝ Թուրքիայում 2016 թվականին ամուսնացած ամեն 100 անձից 18-ը երեխաներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Փաստաբանների պալատի երեխաների իրավունքների հանձնաժողովի անդամ Ասիյե Դեմիրը հայտնել է, որ վերջին տասը տարվա ընթացքում Թուրքիայում ամուսնացած աղջիկ երեխաների թիվը հասել է 482 հազար 908-ի: Ընդ որում, այդ ընթացքում մայրացել է 15 տարեկանից ցածր 224 երեխա:
Դեմիրը տեղեկացրել է նաև, որ վերջին տասը տարիների ընթացքում 700 տոկոսով ավելացել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թիվը: Միայն 2016 թվականին այդ մեղադրանքով 15 հազար 51 դատական գործ է հարուցվել: