«Իմ դիրքորոշումը չեմ փոխել, այն, ինչ ասել եմ՝ ուժի մեջ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես ինչ խոսում եմ, մանավանդ երկրում տիրող արտաքին և ներքին քաղաքական իրավիճակների ու վարչապետի ընտրության վերաբերյալ, ունեցել եմ հայեցակարգային գնահատականներ և իմ կարծիքը չեմ փոխել»

 

Անդրադառնալով խմբակցության որոշմանը՝ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ աջակցելու են 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, քանի որ չպետք է թույլ տալ, որ Հայաստանում խորանա ներքաղաքական ճգնաժամը. «Մայիսի 8-ին մենք ունենալու ենք վարչապետ: Խմբակցության ելույթում ամեն ինչ ասված է: Մարդ կա՝ կարդում է, չի տեսնում, մարդ կա՝ չի ուզում կարդա՝ չի տեսնում. մենք ամեն ինչ ասել ենք: Կոնկրետ ես՝ իմ կարծիքին եմ, որը բացարձակապես քաղաքական է, որևէ անձնական գնահատականներ չկան: Աստված տա՝ այն մտահոգությունները, որ ես ունեմ որպես քաղաքացի և ԱԺ փոխնախագահ՝ փարատվեն, և յուրաքանչյուր կառավարություն արդարացնի ժողովրդի հույսերը»: 

Խոսելով Հանրապետական խմբակցության հայտարարությասն մասին, ըստ որի՝ կողմ են քվեարկելու 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուի օգտին՝ Շարմազանովն ասաց. «Խմբակցությունն այդպես է հարմար գտել, կոնկրետ իմ դիրքորոշումը շատ հստակ է, այն չի փոխվել ու անձնավորված չէ: Նույն ելույթը ունենալու եմ նաև ամսի 8-ին: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը կողմ են քվեարկելու: Չգիտեմ՝ ինչպես են քվեարկելու, բայց վարչապետի ընտրությանը Հանարապետականն աջակցելու է: Թե ինչ քանակով և ոնց կաջակցի՝ դա էական չէ, էականն այն է, որ 53 ձայն ապահովվի և 1/3-րդի ստորագրություն ունեցողը դառնա վարչապետ»,- ասաց Շարմազանովը: