Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծ թվով քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Նրանք մերժում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով նրա հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասն էլ փակել է Արգիշտի փողոցը, որտեղ այս պահին դադարեցվել է երթևեկությունը: Ցուցարարներն անգամ մտել են քաղաքապետարանի շենք՝ հանդիպում պահանջելով քաղաքապետի հետ: Մարդիկ հավաքվել են 3-րդ հարկում, որտեղ գտնվում է քաղաքապետի գրասենյակը, սակայն ոստիկանները փակել են միջանցքը:
Այստեղ է նաև Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության նախկին անդամ, ներկայիս պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով հայտարարեց, որ քաղաքացիները չեն ուղղորդվում որևէ մեկի կողմից և նրանց բողոքն ինքնաբուխ է:
Նշենք, որ քաղաքապետարանի մյուս կողմում էլ Տարոն Մարգարյանի աջակիցներն են, ովքեր համատարած պարզել են «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրառմամբ պաստառներ: Ընդդիմադիրների խոսքով՝ Մարգարյանին սատարողները հատուկ բերված մարդիկ են:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և առաջին տեղակալ Կամո Արեյանը մի քանի անգամ ակտիվիստներին առաջարկեցին լքել քաղաքապետարանի շենքը` խոստանալով մեծ դահլիճում Երևանի քաղաքապետի ներկայությամբ քննարկում կազմակերպել, սակայն մերժում ստացան:
Սոնա Հարությունյան