2019թ. հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացրեց «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:
Տոնակատարություններին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Կարեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ Ամիրյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդային Շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյան, Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, բազմաթիվ այլ հյուրեր Հայաստանից և Ռուսաստանից:
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր ելույթում նշեց, որ այս տարի լրանում է Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրած «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 5-ամյակը, և նշեց, որ հիմնադրամը թեև անցել է կարճ ճանապարհ, սակայն այսօր ամենուր զգացվում է, որ Ջավախքում սպասված է: Ջիվանու տուն-թանգարանը դառնում է ազգային-կրթամշակութային կազմակերպություն, որի շուրջ նախատեսվում է ստեղծել նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Հուլիսի 20-ին տոնական օրը սկսվեց գոհաբանական աղոթքի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում՝ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի: Աղոթքին հաջորդեց հարգանքի տուրքի և ծաղիկների խոնարհման արարողությունը Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու Ջիվանու թողած ժառանգությանը, ինչպես նաև համտեսելու աշուղի հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը: Միջոցառմանը հնչում էր աշուղական երգն ու տաղը, եղան նաև պարային ելույթներ:
Հուլիս 21-ին արդեն մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայրում՝ Գանձա գյուղում, տեղի ունեցավ գրողին նվիրված միջոցառումը։