Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ, իսկ եթե բացահայտումներ լինեն, պատժվողներ ևս կլինեն:
Հարցին, թե ԱԱԾ պետը կոչ է արել ոստիկանության որոշ ստորաբաժանումներում դադարեցնել կոռուպցիոն դրսևորումները, Օսիպյանն արձագանքեց՝ որոշ ստորաբաժանումներում նման դրսևորումներ եղել են. «Ճիշտ չէ ասել, որ ոստիկանությունում համատարած եղել են նման երևույթներ: Հիմնականում այն ստորաբաժանումներն են եղել, որոնք, օրինակ, առնչվում են քաղաքացիների հետ կամ ճանապարհային ոստիկանության»,- նշեց նա։
Ոստիկանապետի խոսքով՝ նման երևույթների բացահատման դեպքում բոլոր մեղավորներն, անկասկած, պատժվելու են. «Երբ հայտնաբերվեն այդ դեպքերը, պատժիչ միջոցներ կկիրառվեն»:
Ե՞րբ կլինեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքի շրջանում թույլ տված նման դրսևորումների բացահայտումները հարցին ի պատասխան՝ Օսիպյանն ասաց՝ թեև ինքը չի բացառում, որ նման դրևսրումներ եղել են, բայց դրանց վերաբերյալ փաստեր չկան։
«Ես, ճիշտ է՝ համակարգում եմ եղել, բայց այլ ոլորտում և իմ ենթակայության տակ չի եղել ճանապարհային ոստիկանությունը: Չբացառենք, որ եղել են նման դեպքեր, բայց փաստեր չկան։ Եթե դուք ունեք, ներկայացրեք և ես լիարժեք կուսումնասիրեմ դրանք»,- նշեց ոստիկանապետը։