Այսօր Ազատության հրապարակ Ժառանգության կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսակցության էր եկել գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը: «Մեդիալաբը» այս օրերին տեղի ունեցող գործընթացների մասին մի քանի հարց ուղղեց Վահրամ Մարտիրոսյանին:
-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ արդյունք կտա Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը և արդյոք ճի՞շտ եք համարում պայքարն այս ուղղությամբ տանելը:
-Ես չեմ համարում, որ սա ամենանախընտրելի ձևն է: Բայց կա որոշակի ընթացք, դեպքերն ու իրադարձությունները դասավորվել են այնպես, որ այս պահին հնարավոր է նաև, որ հացադուլը պայքարը թեժ պահելու միջոց է և այլ միջոցների հետ զուգակցվելով' կարող է արդյունքի հասցնել:
-Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին խոսում է իշխանությունների առաջարկի անհրաժեշտության մասին' նշելով, որ ինքն այլևս ասելքի չունի: Ձեր կարծիքով' իշխանությունն ի վիճակի՞ է ողջամիտ առաջարկ անել, այնպիսի առաջարկ, որը կազդի Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման վրա:
-Չէ, ես կարծում եմ, որ իշխանություններն ընդհանրապես ողջամիտ առաջարկի ընդունակ չեն: Նրանց ցանկացած առաջարկ կարող է պարունակել նենգություն: Բայց հնարավոր է, որ ճնշման որոշակի աստիճանի ժամանակ իրենք հարկադրված լինեն այնպիսի առաջարկներ անելու, որոնք որ երկրի համար կլինեն նպաստավոր:
-Մինչև ապրիլի 9-ը հնարավո՞ր է արվեն նման առաջարկներ:
-Ժամկետներ չեմ կարող ասել, դա կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ, որովհետև ըստ էության հացադուլը նման է մի ալեցիրի, անտենայի է նման: Անտեսանալի ալիքները տարածվում են Երևանով և Հայաստանով մեկ: Այդ ալքիների հարուցած արձագանքը կարող է անսպասելի ուժեղ լինել մինչև ապրիլի 9-ը: