«Ես գաղտնի քվեարկության ժամանակ կողմ եմ քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ խոսելով Մանվել Գրիգորյանի կալանավորվելուն դեմ քվեարկության մասին:

Նա նշեց՝ ԱԱԾ տեսանյութը ինչպես մյուսների, իր համար ևս շոկ էր:

Հարցին՝ մտավախություններ չունի՞, որ իր տանն էլ  ԱԱԾ-ն ստուգումներ կիրականացնի, Գևորգրյանը պատասխանեց. «Իհա՛րկե, ես ոչ մի վախ չունեմ»:

Դիտարկմանը՝ մամուլը երկար ժամանակ  խոսել է չարաշահումների մասին, արդյոք ինքը տեղյակ չի՞ եղել, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանը նման իրեր կան, Գևորգյանը վրդովվեց՝ հորդորելով պրովոկացիա չանել:

Եթե իշխանափոխություն չլիներ, չէին իմանալու այդ մասին դիտարկմանն ի պատասխան Գևորգյանն ասաց. «Որտեղի՞ց էին իմանալու»: 

Անդրադառնալով իր և Մանվել Գրիգորյանի մտերմությանը, Գևորգյանը պատասխանեց.

«Ո՞նց կարող է մտերիմ չլինեինք, եթե նույն  մարզի բնակիչ ենք»,- ասաց նա: