ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքը, ըստ որի՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիներից 294109-ի կամ 81.1%-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան»-ն է, որի օգտին քվեարկել է 25219 քաղաքացի կամ 7%: Երրորդ տեղում Լույս դաշինքն է՝ 18112 ձայնով կամ 5 տոկոսով: Այս երեք ուժերն էլ կկազմեն Երեւանի ավագանին: Սակայն ողջ խնդիրը կայանում է նրանում, որ Փաշինյանը չունի համակարգ, և, եթե այս բարձր տոկոսները ժամանակի ընթացքում չինստիտուցիոնալիզացվեն, ապա հանգեցնելու են իշխանության անխուսափելի ճգնաժամի՝ դրանից բխող հետևանքներով։ Դրա վառ օրինակը Հայաստանում անցկացված առաջին հետհեղափոխական ընտրություններն էին և Լևոն Տեր-Պետրոսյանի գրանցած տոկոսները, սակայն հիշողության մեջ թարմ են նաև 1996 թվականի ընտրությունները, որոնցում ակնհայտ էր՝ հետհեղափոխական էյֆորիայի մակարդակի նվազումը, և, ըստ էության, իշխանության պարտությունը:
 
 Երեկ Փաշինյանի թիմի ստացած բարձր տոկոսը հենց հեղափոխական էյֆորիայի արդյունք էր, և եթե ենթադրենք, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են եկող տարվա գարնանը՝ ինչպես նախատեսվում էր նախկինում՝ տրամաբանական է, որ էյֆորիան էլ մի շարք օբյեկտիվ պատճառներով նվազած կլինի: Երեկ արդեն իսկ հնչեց առաջին ահազանգը, ի դեմս շուրջ 500 հազար երևանցիների, ովքեր չմասնակցեցին այս ընտրություններին՝ դրանով իսկ ցույց տալով, որ չեն աջակցում Փաշինյանին և նրա թիմին: Դա չի բացառում, որ այս նույն էլեկտորատն անչափ ակտիվ մասնակցություն կունենա խորհրդարանական ընտրություններին՝ իր քվեն տալով որևէ այլ ուժի: Դա է պատճառը, որ Փաշինյանը շտապում է օր առաջ նախաձեռնել խորհրդարանը ցրելու գործընթացը՝ հաշվի առնելով դեռևս պահպանվող էյֆորիկ ալիքը: Միևնուն ժամանակ, հասկանալի է, որ դա բարդ խնդիր է: Եթե հաշվի առնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մշտապես դեմ է արտահայտվել ՀՀԿ-ն, բավական կոշտ հռետորաբանության է անցել նաև ԲՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ն, ֆորմալ առումով «կողմ» լինելով՝ ավելի շուտ «դեմ»-ի դաշտում է, ապա կարելի է ասել, որ ավագանու քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր դեմ միավորել գրեթե ամբողջ խորհրդարանը:
 
Ինչ վերաբերում է Հայկ Մարության քաղաքապետին, ապա միայն ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի քաղաքապետ կլինի «Կարգին Հայկոն», այն պարզ պատճառով, որ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակը ապահովել են ոչ թե Մարությանի ծրագիրը կամ նրա անհատական հատկանիշները, այլ Նիկոլ Փաշինյանի իմիջը, և այսօր Մարությանի թիվ մեկ խնդիրն է՝ դուրս գալ Փաշինյանի ստվերից և այդ 81 տոկոսին ապացուցել, որ կարող է աշխատել նաև առանց Փաշինյանի: Անկախ ընտրության արդյունքներից՝ ակնհայտ է, որ սեպտեմբերի 23-ից հետո փոխվելու է բոլոր քաղաքական ուժերի հռետորաբանությունն ու գործելակերպը: Հնարավոր են նաև փոփոխություններ կառավարությունում:
 
 
Ստելլա Խաչատրյան