ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը հարցումներ է ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններ՝ տրամադրելու տեղեկություններ, թե հեռախոսային խոսակցություններ լսելու կարողություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ նիստում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Մենք հարցումներ ենք ուղարկելու պետական և ոչ պետական մարմիններ՝ տրամադրելու տեղեկություններ, թե հեռախոսային խոսակցություններ լսելու կարողություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր օրինական ճանապարհով: Նաև ուղարկելու ենք հարցումներ, թե ինչ տեղեկություններ կան, որ որևէ անձինք ապօրինի են ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ: Եվ այսպես՝ շարունակ»,-նշեց Կոստանյանը:

Նա ասաց՝ քննարկելու են ձեռք բերվող տեղեկության նախնական ցանկը: Կոստանյանը նաև շեշտեց՝ մեր երկրի համար կարևոր առաջնահերթություն, կենսական նշանակություն ունեցող հարց է այն, որ ապօրինի կերպով գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցները: Առաջարկեց քննարկել հենց այդ մասը:

ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողով» ստեղծելու համար: Ստեղծված հանձնաժողովը քննելու է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել էր սեպտեմբերի 19-ին: Դրա կազմում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից' Սպարտակ Սեյրանյանը: