Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը, որի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ:


Բացի այդ, ԱԺ նիստերի օրակարգում ներառված է Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: