Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրպետյանն օրերս «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի հավաքից հետո վստահաբար հայտարարել է, որ չի լինելու Սփյուռքի նախարար և  խորհրդարանում գլխավորելու է Կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: 

«Իմ գործունեությունն, այսպես թե այնպես՝ ուղղակի աղերսներ է ունենալու սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»,- ասել է Հայրապետյանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ԼՈՒՐԵՐ.com հարցին, թե արդյո՞ք տվյալ հանձնաժողովի նախագահը փակ քվեարկության արդյունքում չի ընտրվում, պատասխանեց. «Այո՛, քվեարկություններից հետո են պարզ դառնում, թե ովքեր են այդ հանձնաժողովների ղեկավարները»:

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Մխիթար Հայրապետյանին նման վստահություն՝ այդպիսի պատասխանատու հայտարարություններ անելու համար:

Ստացվում է, որ «Իմ քայլը» դաշինքը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներքին կարգով արդեն որոշել է, թե իր անդամներն ԱԺ-ում ինչ դիրքեր են զբաղեցնելու,  որոնցից մեկի մասին Հայրապետյանը «միամտաբար» բարձրաձայնել է: 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ