Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ցանկություն հայտնած  «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սարգսյանը ստեղծելու է «Ապշանքի էկո այգի»՝ 31 ենթակառուցվածքներով, որոնցից մեկը կոկորդիլոսաբուծարանն է լինելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը: 

«Շատ մեծ հույս ունենք, որ հինգ տարվա ընթացքում կյանքի կկոչենք ծրագիրը։ Ունենալու ենք ջերմոցներ, պտղատու այգիներ, ալիքային լողավազաններ, իսկ  վերջում Դաշտավան գյուղի դպրոցը կդարձնենք բնապահպանական դպրոց։ Շուկան ուղղորդում ենք հիմնականում զբոսաշրջիկների համար: Մեզ պետք է մի խայծ, որ բոլորը գան էնտեղ հանգստանալու։ Եթե կա ուրիշ հետաքրքիր բան՝ մենք պատրաստ ենք նաև դա անել»,-ներկայացնելով ծրագիրը՝ ասաց Խաչատուր Սարգսյանը:

Սարգսյանը ծրագրի մեջ ամենառիսկայինը կոկորդիլոսն է համարում:

«Կոկորդիլոսը դանդաղ զարգացող կենդանի է, թանկ տեսակ է: Երկար տարիներ պետք է այդ կենդանուն պահել, մինչև հասնի արդյունաբերական մակարդակի: Բնապահպանների հետ ես համաձայն չեմ, որ ասում են դա վերացող տեսակ է»,-ասաց Սարգսյանը:

Իսկ թե ո՞ր տարածքում է լինելու կոկորդիլոսաբուծարանը, ե՞րբ են կոկորդիլոսները բերվելու Հայաստան և ՊԵԿ-ի հետ կապված խնդիրներն ի՞նչ փուլում են, Սարգսյանը պատասխանեց. 

«Մենք դիմել ենք կառավարությանը՝ նախորդ իշխանությունների օրոք, իրենք մեզ տարածք առաջարկեցին Տավուշի մարզում՝ մենք չհամաձայնեցինք, հետո արդեն մարզպետները փոխվեցին, և մենք հանդիպեցինք Արարատի մարզպետի հետ: Տարածքը լինելու է Դաշտավանում:  Հողը դեռ չենք գնել: Մեզ ոչ մի բան պետությունից հարկավոր չէ, մենք մասնավոր բիզնես ենք: Մենք գնելու ենք 25 հեկտար անմշակ հող, որը 30 տարուց ավել անմշակ վիճակում է գտնվում: Տարածքի կողքին է գտնվում Հրազդան գետը։ Փորձում ենք տարածքը մաքրել և ստեղծել բարենպաստ պայմաններ կոկորդիլոսաբուծության համար: 

ՊԵԿ-ի հետ կապված խնդիր չունենք, միայն կոդի հարցն է: Այսինքն, եթե դու ներկրում ես մի բան, ՊԵԿ-ը պետք է ներկայացնի կոդ: Քանի որ սա առաջին դեպքն է, երբ կոկորդիլոս է ներկրվում, հիմա խնդիրն այն է, որ պետք է հստակեցվի՝ դա թռչնի կոդով է լինելու, թե՝ կենդանու։ Եթե ձու ենք ներկրելու՝ ապա թռչունների համար նախատեսված կոդով է լինելու։ Հիմա արդեն հստակեցվել է՝ ներկրելու ենք կոկորդիլոսի ձու:  Մենք դեռ ոչ մի դրամ չենք ներդրել: Ծրագրի արդյունքում կստեղծվի 300-500 աշխատատեղ»։

Դիտարկմանը, թե Հայաստանի կլիմայական պայմանները նպաստավո՞ր են կոկորդիլոսաբուծության համար, Սարգյսանը վստահեցրեց, որ  կլիմայական պայմանները բավարար են կոկորդիլոս բուծելու համար