Սենյակներից մեկը Ռուբեն Կոստանյանինն է, մյուսները որպես հյուրանոց են ծառայել և ըստ իրենց՝ դա եղել է վարորդների սենյակ, բայց այդ սենյակները որևիցե պայմանագիր չեն ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայավտոկայարան»-ի ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանը՝ խոսելով «Կիլիկիա» ավտոկայանում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից իրականացվող գործողությունների մասին։

Նրա խոսքով՝ «Բոգո» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանի (Սիմոնյան) կողմից տարածքներն ավտոկայանում զբաղեցված են եղել ապօրինի, առանց որևիցե պայմանագրի և հյուրանոց է դարձրել տարածքը։

«Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի հասարակական կարգը պահպանի, մարդիկ տարածքից իրենց գույքը հանեն և ազատեն տարածքը, քանի որ այստեղ գտնվել են առանց պայմանագրի։ Տարիներ շարունակ ավտոկայանում հոսանքի կորուստ է եղել, որը հասել է միլիոնների, սակայն դա անհասկանալի է, քանի որ էլեկտրականության հետ կապված ավտոկայանում ոչինչ չկա, բացի մի քանի տարածքից և մի քանի լուսավորությունից։ Թե որտեղից են այդ ծախսերը գոյացել, 6-րդ վարչությունից հիմա պարզում են, մեզ էլ է հետաքրքրում։ Էլեկտրաէներգիայի ծախսը ամեն ամիս կազմել է մոտավորապես 1 մլն դրամ, դրանից ավել, 900 000, 700 000 դրամ»,- ասաց նա։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջատագով, Ռուբեն Կոստանյանի ընկեր, հումորիստ-նմանակող Արմեն Ավետյանն էլ մի քանի օր է, ինչ ակտիվ զբաղված է Բոգոյի պաշտպանությամբ։ Նա նշեց, որ իր ընկերոջ կողմից ապօրինի ոչինչ չի եղել․ «Էն ժամանակ մարդուն ասել են՝ սարքի, կօրինականացնենք, հետո պաշտոնյաներ են փոխվել։ Հիմա ասում է՝ թույլ տվեք աշխատենք, թույլ չեն տալիս։ Այդ հյուրանոցներում պատահական մարդիկ չեն կարող գալ, համար վարձել, դրանք Վրաստանի գծի վարորդների համար են, որ մարդիկ նորմալ պայմաններում գիշերեն»,-ասաց նա՝ նշելով, որ շատ հարգում է Նիկոլ Փաշինյանին, ինքն էլ ուժեղ հեղափոխական է, բայց չպետք է մարդիկ տուժեն կանխակալ մտածելակերպի համար։

Անդրադառնալով խոսակցություններին, թե «Բոգոն» զավթել է ավտոկայանը, Ավետյանն ասաց, թե ընդամենը  համակարգել է աշխատանքները, դիտարկմանը, թե ի պաշտոնե ո՞վ է եղել Ռուբեն Կոստանյանը, նա նշել է. «Թաղի տղա է»։

Խոսելով տարածված խոսակցությունների մասին, թե «Բոգոյի» մատը խառն է Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրենի մեքենան այրելու մեջ, Ավետյանը հերքել էր՝ վստահեցնելով, որ նա դրա հետ ընդհանրապես կապ չունի։