«Սերժի դատարանին ասում ենք՝ ոչ», «Ո՛չ սաբոտաժին», «Արդար դատավարություն» կարգախոսներով պաստառներով այսօր շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբավորման ակցիան։ Այն սկսվել էր այս տարվա մարտի 6-ին, երբ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում էր «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Միաժամանակ, դատարանի բակում բողոքի ակցիա էին իրականացնում «Սասնա Ծռերի» աջակիցները: Այս ակցիաների և պահանջների մասին զրուցում ենք ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
-«Սասնա Ծռեր» խումբը կրկին սկսել է ակցիաներ իրականացնել ի պաշտպանություն դեռ դատապարտված իրենց ընկերների։ Այս ակցիաները, ըստ էության, ուղղված են իշխանություններին։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս ամենը։
- Ես, նախկինում էլ, հիմա առավել ևս, դեմ եմ այն քայլերին, որն ընկած է «Սասնա Ծռերի» գործունեության հիմքում։ Նոր Հայաստանում կան ավելի լավ հնարավորություններ տեսակետներ բարձրաձայնելու և նպատակի հասնելու համար պայքարելու, պայքարելու նաև արդարության վերականգնման համար, եթե դա խաթարված է։
- Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք փոխվեց նրանց խափանման միջոցը։ Բայց այսօր նրանք իշխանության ընդդիմադիրներից են։ Դուք ընդունո՞ւմ եք նրանց, որպես ընդդիմություն։
- Կարող ենք ասել, որ ազատ արձակելը եղավ ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու շնորհիվ, այլ արդյունքում։ Բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է դառնային Նիկոլ Փաշինյանի համախոհները կամ իշխանության ջատագովները։ Իրենք կարծիքներ ունեն և կարող է մի հարցի շուրջ տեսակետները համընկնեն, կարող է՝ ոչ։
- Արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է բավարարել նրանց պահանջը։
- Իշխանությունը ոչ թե պատրաստ է լուծել կամ չէ, այլ կարծում է, որ այդ հարցերը այսպես չեն լուծվում։ Դրանք իրավական հիմք ունեն։ Իհարկե, ես՝ որպես պատգամավոր և քաղաքացի, կարծում եմ, որ հարցի խորքերում քաղաքական տարրեր կան։ Բոլորն էլ մեր քաղաքացիներն են և հարցի լուծման համար պետք է գործը մանրամասն քննարկվի և ճիշտ որոշումներ կայացվեն ։
-Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենք ունեն Արցախի նախագահի՝ իրենց թեկնածուն։ Ինչպե՞ս եք արձագանքում այս ամենին։
- Դրական արձագանք կարող եմ տալ։ Կարող են ունենալ իրենց թեկնածուն և այդ թեկնածուն կարող է պաշտպանել իրենց տեսակետները։ Ես, և նաև մեր քաղաքական ուժը կողմ ենք, որ ընտրություններն անցնեն թափանցիկ ձևով։ Այդ ընտրությունների արդյունքում ով էլ ընտրվի, մենք պատրաստ ենք ճանաչել նրան և աշխատել այդ մարդու հետ։
Ասպրամ Փարսադանյան