ԱԱԾ տնօրենը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով դեռ սկզբից երկու-երեք անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ասելով, թե առաջարկում է, որ այդ գործը փոխանցվի ՀՔԾ-ին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ ամենայնի, ԱԱԾ-ում նեղվում են այն կասկածներից, որ գործը կարող է օբյեկտիվ քննվել։ Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը։ Այսինքն, մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մեր վերաբերյալ գործերը քննարկենք, և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ պետք է մեզ հետ կապված գործերը քննի։ Այս խոսակցություններն անընդհատ տեղի են ունեցել», -ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց՝ օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն։

«Ցավալի արձանագրումներ եմ անում, հեղափոխությունն ինչի համար է եղել, որ մենք մեր ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենա՞նք։ Էդ որ ասում են՝ ես հավատում եմ, Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է... Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է. ու ի՞նչ։

Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարող լինել տարբեր այլ պետություններ։ Ուղղակի չի կարող լինել։ Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ իմ ինֆորմացիայի աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, նաև մեր թիմի անդամներն են, այդ թվում՝ Սանասարյանը», - հայտարարեց վարչապետը։

Տեսանյութը՝ 24news.am-ի։