Ծայրահեղ անարդար դատավարություն ստացվեց, որովհետեւ դատական նիստը սկսեցին դատախազները, վերջացրին դատախազները, լսողների մոտ սովորաբար տպավորվում է առաջինն ու վերջինը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Դատավորն արեց ամեն ինչ, որ տպավորություն ստեղծվի, թե մեր փաստարկները ջախջախվեցին: Իրականում մեր ոչ մի փաստարկին լուրջ հակափաստարկ չբերվեց, ուղղակի տպավորություն ստեղծվեց: Այս գործն ամբողջությամբ ստեղծված է տպավորությունների վրա՝ գլխավորապես հանրության տպավորությունների վրա»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին։ Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։