Այսօր առավոտյան տարածված Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրությունը «հիմարություն» է, որակեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ նշվում է, որ Արտակ Բուդաղյանը ծանոթանալով համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությանը, որի համաձայն՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին, ըստ որի տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել, հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ' նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:
«Իրականությունը էապես տարբերվում է տարածված տեղեկությունից»,- նշում է Հայկ Ալումյանն ու հավելում, որ երեկ Արտակ Բուդաղյանը ժամը 13.00-ից սկսած հարցաքննվել է և բավականին ծավալուն ցուցմունք տվել՝ հայտնելով դեպքի հետ կապված շատ մանրամասներ, որից հետո ժամը 17.00-ի սահմաններում իրեն ներկայացվել է տեսաձայնագրային փորձաքննությունը և 3 ժամ նրանք ծանոթացել են փորձաքննությանը և դրան կցված տեսանյութին, որի դիտումը, ըստ փաստաբանի, հնարավորություն տվեց իրենց ևս մեկ անգամ համոզվելու, որ Արտակ Բուդաղյանի ցուցմունքները լիարժեք համապատասխանում են այդ տեսանյութին:
«Այս ամենից հետո երեկոյան ժամը 20.00-ին քննիչը հայտարարում է, որ այդ ժամին պատրաստվում է 4 անձի հետ առերեսում կատարել: Արտակ Բուդաղյանն էլ ասել է, որ այլևս չի կարող, քանի որ իրեն լավ չէր զգում, ջերմում էր, ասել է. «Աայսօր էլ չեմ կարող, մեկ ուրիշ օր նշանակեք, կգամ»: Բացի այդ' Բուդաղյանը պետք է գնար հոսպիտալ, քանի որ հրազենային վիրավորում ստանալուց հետո դեռ լիովին չի ապաքինվել: