Մայիսի 23-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «ձախ նախաբազկի աջ վերին երրորդականի, ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք, սալջարդ», «ձախ ծղիկոսկրի կոտրվածք տեղաշարժով» եւ «գանգուղեղային վնասվածք հարցականով, աջ քունքի ջնջխված, պատռած վերք» ախտորոշումներով 3 երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել են վթարի հետեւանքով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ երիտասարդները վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում 1998 թ. ծնված Արամ Մ.-ի եւ 1996 թ. ծնված Արման Մ.-ի հետ ծագած վիճաբանության ժամանակ՝ վերջիններիս կողմից դանակով եւ այլ առարկաներով հարվածներ հասցնելու հետեւանքով:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Արամ Մ.-ն եւ Արման Մ.-ն ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

 

Նախապատրաստվում են նյութեր: