Երբ աղջիկը 20 տարեկան է, նրա համար ծովը ծնկներից է, նա ինքն իրեն դուր է գալիս, նա ինքն է ընտրում, թե ում է ուզում, տղամարդկանց աջ ու ձախ գրողի ծոցն է ուղարկում։
Հարց. Ի՞նչ է նրա հետ կատարվում 15 տարի անց, որ նա պարզապես անճանաչելի է դառնում։ Ինչ-որ անշուքություն է հայտնվում, նա ինքն իրեն դուր չի գալիս, սկսում է վազել կոսմետիկ սրահներով ու պլաստիկ վիրաբույժների այցելուն է դառնում, և դա մեկ պատճառ ունի՝ երիտասարդությունը բռնելու ու բաց չթողնելու և, վերջապես, դուր գալու պաթոլոգիկ ցանկությունը։
35+ կանանց բնորոշ քայլվածքն անվստահ է, մեջքը՝ կքած։ Կինը սկսում է ավելի շատ շպարվել, ավելի մեծ քանակի գեղարարական միջոցներ օգտագործել, քանի որ նա վախենում է իր իսկական դեմքից։
Լավ է, եթե նա դրանով սահմանափակվում է, սակայն լինում են և ծանր դեպքեր, երբ կինը սկսում է թեթև կոսմետիկ պրոցեդուրաներից, ապա անցնում առավել լուրջ միջոցների, իսկ այդ ամենն ավարտվում է վիրահատությունների շարքով։ Իրականում դա ծանր պաթոլոգիա է. իրեն անընդհատ ֆիզիկական բռնության ենթարկելը, առանց որևէ բժշկական ցուցման՝ թույլ տալ իրեն կտրատելն իսկապես լուրջ խնդիր է։ Մի բան է, երբ վիրահատությունն անհրաժեշտ է առողջության կամ կյանքի պահպանման համար, մի այլ բան, երբ դա արվում է առանց որևէ ցուցման։
Սակայն տհաճ անակնկալը կայանում է նրանում, որ երիտասարդության հետևից ընկնելու բոլոր այս եղանակները չեն աշխատում։
Եվ ահա թե ինչու։
Կնոջ գլխի մեջ նստած է այն կարծրատիպը, որ 20 տարեկանում իրեն բոլորը սիրում են։ Նշանակում է, որպեսզի ինձ սիրեն, ես անընդհատ 20 տարեկանի տեսք պետք է ունենամ։ Նրա մտքով էլ չի անցնում, որ 20 տարեկանում նա այդքան ցանկալի է ոչ այն պատճառով, որ հետույքն ու կրծքերը ձիգ են կամ լավ տեսք ունեն, այլ որովհետև նա ինքը 20 տարեկանում սիրել է իրեն։ Նա ինքն իրեն դուր է եկել։ Իսկ պայմանական 35 տարեկանում կինը կորցնում է իր ինքնավստահությունը, նրան չի թվում, որ ինքը նախկինի պես հիասքանչ է։
Մեզ մոտ երիտասարդության չափազանցված, աղճատված պաշտամունք կա։ 20-40 տարեկանում տղամարդն առհասարակ չի մտածում իր երիտասարդության մասին։ Իսկ 45 և ավելի տարիք ունեցող տղամարդիկ սարսափով գիտակցում են, որ ծերանում են, և որպեսզի իրենց համոզեն այն բանում, որ դեռևս հմայիչ են, սկսում են իրենց համար երիտասարդ ընկերուհի փնտրել։ Ի դեպ, փաստ չէ, որ կգտնեն, բայց ինքնին այդ հետաքրքրվածությունը երիտասարդ աղջկա մեջ ծնում է այդ պաշտամունքը։ Նրանց թվում է, թե դուր են գալիս միայն երիտասարդները, ցանկանում են միայն երիտասարդներին։
Կա կնիքների հավաքածու, որը չի աշխատում։ Օրինակ, մոլորություն է, թե ամուսնանում են միայն երիտասարդ կանայք, ցանկանում են գեղեցիկներին, կան հատուկ տեղեր, ուր կարող ես ծանոթանալ ճիշտ տղամարդկանց հետ։ Կա հմտությունների խումբ, որը պետք է յուրացնել, որ քեզ գնահատեն։ Այս ամենը հիմարություն է։ Դու կարող ես հիանալի տղամարդու հանդիպել ավտոբուսում, աղբը թափելիս, խանութում հերթ կանգնած ժամանակ, ուր ասես։
Երեք բան դեր չեն խաղում՝ տարիքը, արտաքինն ու բնավորությունը։ Քո սեքսուալությունը դրանից չի կախված։
Ես չեմ հոգնում կրկնել, որ մարդիկ, մեզ շրջապատողներն իրենք մեզ միայն այնպես են ընկալում, ինչպես մենք ենք ինքներս մեզ ընկալում։ Դա նաև տղամարդկանց է վերաբերում։ Ինչպես որ դու քեզ զգում ես, այդպիսի տեսք էլ ունես։ Ինչո՞ւ։ Որովհետև տղամարդը, միևնույն է, տեսնելու է ոչ թե արտաքինը, այլ նրա ինքնազգացողությունը։ Իսկ եթե կինը հասել է այն կետին, որ պատրաստ է մարդամեջ դուրս գալ ուրիշի դեմքով, ապա ինքն իր մեջ նա այնքան շատ չի սիրում ինքն իրեն, իսկական, ինչպիսին որ կա, որ ոչ մի վիրահատություն դա չի թաքցնի։
Ի՞նչ բան է սեքսուալ գրավչությունը։
Սեքսուալ գրավչությունը չափորոշիչների հավաքածու է, որոնց պետք է համապատասխանել։ Սեքսուալ գրավիչ է այն մարմինը, որն իր տիրուհին սիրում ու սեքսուալ է համարում։ Ես կարող եմ տասնյակ զույգեր հիշել, որոնցում կինը ոչ միայն չի համապատասխանում գեղեցկության՝ մեր հասարակության մեջ ընդունված համընդհանուր չափանիշերին, այլև ակնհայտորեն տգեղ է։ Յոկո Օնոն ամենավառ օրինակն է։ Ոչ դեմք, ոչ կազմվածք, ոչ էլ մի ուրիշ առանձնահատկություն։ Եվ նայեք Լենոնին՝ գեղեցկադեմ, լայնաթիկունք։ Կամ հոլիվուդյան գեղեցիկ դերասան Փիրս Բրոսնանն ու նրա՝ 120 կգ քաշ ունեցող կինը, Հյու Ջեքմանն ու նրա Դեբորան, Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիթը։ Ցանկը կարելի է շարունակել։
Սեքսուալությունն այն չէ, թե ինչպիսի մարմին, ինչքան տարիք, քաշ ու կնճիռներ ունես։ Այն ներսից է գալիս։ Մարդն այնպես է ստեղծված, նրա հոգեբանությունն այնպիսին է, որ հենց որ մարդը սկսում է դուր գալ իրեն, նա նույն պահին և իր համար զույգ է գտնում, և ուշադրություն, և պահանջված է դառնում, և հարաբերություններ է ձևավորում։ Եվ ոչ տարիքը, ոչ արտաքինը, ոչ էլ բնավորությունն այստեղ բացարձակապես ոչ մի դեր չունեն։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը