ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությանը ներկայացրեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությանը 185 մլն 61 հազար դրամ գումար հատկացնելու նախագիծ։

Նախարարը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանի հետ։ «Վերջինս խնդիր է տեսնում այս նոր նախագծի ընդունման հետ կապված, քանի որ որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել»,- ասաց Ռուստամ Բադասյանը։ 

Պետական վերահսկողական ծառայության պետի պարտականությունները կատարող Արգիշտի Քարամյանն իր հերթին պարզաբանեց, որ Քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ 2018 թվականի նոյեմբերի 22-ի կառավարության որոշմամբ տրամադրված դրամական միջոցների արդյունքում նախաձեռնված վերանորոգման և կառուցապատման աշխատանքներն իրականացվել են նախագծանախահաշվարկային սահմանված ձևերի խախտումներով։ 

Նա նշեց, որ խախտումներ են հայտնաբերվել նաև պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների կատարման կապակցությամբ։ 

«Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ոչ ժամանակին են ծառայություններ մատուցել Քրեակատարողական ծառայությանը, ինչը հիմք է տվել, որպեսզի Պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված խախտումները ներառվեն ուսումնասիրությունն ամփոփող տեղեկանքում: Ունենք մի իրավիճակ, որ նախորդ որոշմամբ հատկացվել է գումար, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն, դրանք կատարվել են թերություններով, մի մասն ընդհանրապես չի կատարվել։ Այս նախագծով նախորդից մի քիչ էլ ավելի գումար ենք ուզում նույն աշխատանքները կատարելու համար տրամադրել։ Առաջարկում ենք այդ նախագծի քննարկումը հետաձգել»,-ասաց Արգիշտի Քարամյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք այդ ծառայությունների համար վճարումներ արվե՞լ են։ ՊՎԾ պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ վճարումների 95 տոկոսն արվել է, սակայն չի փոխանցվել աշխատանքները կատարող ընկերություններին, սառեցված վիճակում են գտնվում։ 

Այսպիսով` հարցը հանվեց նիստի օրակարգից: