Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում ամռան այս տապին շուրջ 1 ամիս է՝ ջուր չկա։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Փոքր Վեդիի բնակիչ Անի Տեր-Օհանյանը նշեց, որ բնակիչները ստիպված են անգամ խմելու ջուրը գնել, իսկ գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանն անգործության է մատնված․

«Գյուղապետը մեզ պատասխանում է, որ դա իր պարտականությունների մեջ չի մտնում։ Իր համար լրիվ մեկ է, թե ինչ է կատարվում գյուղում, բայց խնդրին պետք է լուծում տրվի։ Մեզ ուղղորդում է զանգահարել «Վեոլիա Ջուր», թեժ գիծ։ Այստեղից էլ ասում են, թե գյուղում խմելու ջրի խնդիր չկա կամ ասում են՝ խնդրի մասին կփոխանցեն համապատասխան անձանց, կհասկանան խնդիրը, բայց այդպես էլ ոչ ոք չի արձագանքում, 1 ամիս է՝ չեն կարողանում հասկանալ։ Վերջիններս արդեն չեն էլ պատասխանում մեր զանգերին. լսելով, որ Փոքր Վեդիից ենք զանգահարում, միանգամից անջատում են հեռախոսը»,- ասաց Անին։ 

Նա նշեց, որ իր ֆեյսբուքյան գրառումներին արձագանքել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և հույս ունեն, որ նա խնդրին լուծում կտա․ «Թեև մարզպետը ծանոթ է խնդրին, բայց դրանից հետո էլ գյուղապետը ոչինչ չի անում։ Մարզպետի արձագանքից հասկացանք, որ խնդրի մասին գյուղապետը չի տեղեկացրել մարզպետին։ Տեսնելով խնդրի վերաբերյալ համացանցում արված գրառումներս, որոնց տակ մեկնաբանություններ էին թողել գյուղի երեխաները, գյուղապետը զանգել, հորդորել է ջնջել գրառումները։ Այսինքն, խնդիրը լուծելու փոխարեն, գյուղապետը տարված է այլ բաներով՝ միայն թե իր մասին վատը չասվի։ Համայնքապետարանի աշխատակիցներին ևս հորդորել է մտնել և իր մասին լավ մեկնաբանություններ թողնել՝ նշելով, որ դա իրենց լուծելու հարցը չէ՝ դիմել համապատասխան տեղ։ Համայնքի բնակիչներն էլ ասում են՝ ինչո՞ւ պետք է մեր հաշվին ջուր առնենք, հեռախոս լիցքավորենք, եթե դրա համար համայնքապետարան հարկ ենք մուծում»,- նշեց Փոքր Վեդիի բնակիչը։

Համագյուղացիների մոտ բողոքի մեծ ալիք է բարձրացել, հույս ունեն՝ նոր կառավորությունը քայլեր կձեռնարկի, իրենց խնդրին շուտափույթ լուծում կտրվի, որովհետև «այսպես ապրել հնարավոր չէ»։

Սոնա Հարությունյան