Օրերս կայացած խորհրդակցություններից մեկի ընթացքում Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հավաքվածներից պահանջել է ապահովել գյուղացիներին մատակարարված ջրի դիմաց 100-տոկոսանոց գանձում և սպառնացել, որ նրանք, ովքեր կթերանան և չեն ապահովի այդ ցուցանիշը, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Երբ ներկաներից մեկն ասել է, թե հայ գյուղացիները վճարունակ չեն և կարող են ըմբոստանալ, Պապիկյանը պատասխանել է, որ գյուղացիները չեն կարող ըմբոստանալ իրենց ընտրած կառավարության դեմ:
 
Փաստորեն, իշխանության առանցքային մոտեցումների մեջ լուրջ տրանսֆորմացիա է տեղի ունեցել, մի շարք երևույթներ, որոնք կարելի էին Փաշինյանին և իր քաղաքական թիմին, այսօր տարատեսակ պատճառաբանություններով արգելվում են հանրությանը և քաղաքական մյուս ուժերին:
 
Օրինակ՝ ստացվում է Փաշինյանին կարելի էր փողոց փակել, իսկ այսօր փողոց փակողները համարվում են «հակահեղափոխական սևեր», Փաշինյանին կարելի էր ըմբոստանալ ՀՀԿ իշխանության դեմ, իսկ այսօր ՔՊ-ի դեմ որևէ մեկը ըմբոստանալու իրավունք չունի, Փաշինյանը և իր թիմը կարող էր մեղադրել ՀՀԿ-ին հողերը հանձնելո պատրաստակամության մեջ, իսկ այսօր, երբ նույն մեղադրանքները կամ կասկածները հնչեցվում են Փաշինյանի թիմի ներկայացուցիչների հանդեպ, նրանցով միանգամից զբաղվում է ԱԱԾ-ն, քանի որ վերջիններս, նոր տրամաբանությամբ, իրենց հայտարարություններով վտանգում են ազգային անվտանգությունը: Երբ ՔՊ-ն դեռ ընդդիմություն էր, իշխանություններից պահանջում էր ընդդիմադիր քաղաքական ուժերին շնորհել ավելի լայն լիազորություններ, ապա այսօր գալով իշխանության՝ ընդդիմադիր ուժերին հարց են ուղղում՝ ձեր ինչի՞ն են պետք հավելյալ լծակները: Այս ամենը խոսում է Փաշինյանի և իր թիմի կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին, ինչը որևէ կերպ չի կարող ողջունելի լինել, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ խնդիրների լուծման նպատակով մեկ տարի առաջ մարդիկ դուրս եկան փողոց և ՔՊ-ին բերեցին իշխանության: Այսօր, ինչպես երևում է, հեղափոխությունը սկսել է խժռել սեփական զավակներին…