Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մեդալային հաշվարկում 3-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի 2019թ. առաջնությունում: Թայլանդական Պատայա քաղաքում անցկացված մրցաշարի տղամարդկանց պայքարում հայտավորված էին 84 երկրի 395 մարզիկներ, որոնք մրցեցին 10 քաշային կարգերում: Հայաստանն այս պայքարում լավագույն եռյակը եզրափակեց 12 մեդալով: Դրանից 4-ը ոսկի են, 4-ը՝ արծաթ, 4-ը՝ բրոնզ:
Մեդալային հաշվարկում Հայաստանն իրենից առաջ թողեց Վրաստանին ու Չնաստանի: Հարեւան երկիրը 2-րդն է 5 ոսկով ու 2 բրոնզով: Առաջինը Չինաստանն է. 13 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզ:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել էր սեպտեմբերի 18-ին: Ավարտվեց այսօր՝ սեպտեմբերի 27-ին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացված էր 7, կանանց հավաքականը՝ 2 ծանրորդով:
ՀՀ ընտրանու կազմում աշխարհի չեմպիոն դարձան Հակոբ Մկրտչյանը (89կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109կգ): Մարտիրոսյանը նաեւ փոքր ոսկի նվաճեց պոկում եւ հրում վարժություններից յուրաքանչյուրում: Մկրտչյանը նաեւ փոքր արծաթ նվաճեց հրումում: Փոխչեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը (+109կգ), որը նաեւ մեկական փոքր արծաթ նվաճեց վարժություններից ամեն մեկում: Բրոնզե մեդալակիր դարձավ նույնպես +109կգ քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանը, որը նաեւ փոքր բրոնզ նվաճեց հրումում:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր օլիմպիական խաղերի համար: ՀԺ-ի հետ զրույցում ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ Հայաստանը դեռեւս ուղեգիր չունի: Դա կորոշվի առաջիկա մի քանի մրցաշարերի արդյունքում:
Աշխարհի 2019թ. առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Ավարտվեց այսօր՝ 27-ին: ՀՀ ծանրամարտի հավաքականը Հայաստան կժամանի սեպտեմբերի 29-ին՝ 23:35-ին, Կիեւից ժամանող օդանավով: