Աշխարհահռչակ հայազգի գործիչներ՝ «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Գրիգորյանը, «Synopsys» ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ Երվանտ Զորյանը մշակել են գաղափար՝ ստեղծելու նոր առցանց պլատֆորմ՝ «High connect» անվանմամբ, որը միմյանց կկապի ողջ աշխարհի հայերին: Գաղափարի հեղինակներն այս մասին հայտնեցին Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում անցկացված ասուլիսում:

«Կստեղծենք համահայկական առցանց պլատֆորմ' «Հայքոնեքթ»-ը, որը թույլ կտա ամբողջ աշխարհում տարբեր հետաքրքրությունների տեր հայերին կապել»,-ասաց Սերժ Թանկյանը:

Սերժ Թանկյանը նշեց, որ աշխատանքի ընթացքը, որպես այդպիսին, դեռ չեն պլանավորել, ընդհանուր գաղափարն են զարգացրել: «Տարիների ընթացքում մտածել ենք՝ ինչպես անել, որ Հայաստանը գրավիչ լինի ոչ միայն հայերի, այլ նաև մյուսների համար: Մենք մտածում էինք՝ ինչպես ամբողջ աշխարհի հայերին կապել: Եվ շատ մտածելուց, խոսելուց հետո եկանք այն եզրակացության, որ կօգտագործենք մեր համատեղ հետաքրքրությունները՝ ստեղծելու փոքր հանրություններ»,-ներկայացրեց Թանկյանը:

Նա օրինակ բերեց՝ հայ լրագրողը կարող է գտնել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայ լրագրողներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց՝ անվանումը շատ լավն է՝ նկատելով, որ դրա մեջ կա «հայ» բառը:

Ալեքսիս Օհանյանը նշեց՝ իրենք հասկացել են, թե ինչքան բախտավոր են, որ այսքան հնարավորություններ ունեն: «Մենք մեր կարիերաներից պետք է քաղենք մեր դասերը և դրանք օգտագործենք այս պլատֆորմի համար, որպեսզի հայերն ամբողջ աշխարհում, սփյուռքում կարողանան օգտվել այդ կապից ու բարգավաճեն»,-նշեց Օհանյանն ու նշեց՝ ընդհանուր տեսլականը միավորում է իրենց:

Նա նկատեց՝ կան ցանցեր, որտեղ հայերն, այսպես թե այնպես, կարող են կապվել միմյանց հետ, բայց իրենք ուզում են հատուկ տարածք ստեղծել, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Օհանյանը շեշտեց՝ այս նախաձեռնությունը բոլորի համար է, սրանով ուզում են հեշտացնել հաղորդակցությունը, այն շահույթ չի հետապնդում:

Էրիկ Իսրայելյանը նշեց, որ գաղափարը քննարկել են գրեթե 1 տարի, սակայն այդ մասին մտածել են ավելի երկար:«Իրոք հիանալի կլինի նման կապի պլատֆորմ ունենալ, Հայաստանում ոչ միայն տեխնոլոգիան կզարգանա, այլ նաև կապահովվի կապը Հայաստանի և վայրերի հայերի միջև: Շատ նվիրված ենք այս գաղափարին, մեր ամբողջ փորձը կներդնեք»,-ասաց Իսրայելյանը:

Նա նկատեց՝ հայերը սփռված են շատ երկրներում, պետք է կապ, և այդ առցանց պլատֆորմը թույլ կտա բոլորին կապել միմյանց, ինչու չէ՝ նաև համագործակցել: