Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ հրավիրվել է, մեղադրանք են առաջադրել, մեկ անգամ էլ հրավիրվել է առերեսման, որին մասնակցել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Իրավունք չունեմ ասելու, թե ում հետ է եղել առերեսումը։ Միայն կարող եմ ասել՝ իր նախկին ենթականերից մեկի հետ»,- նշեց Աթանեսյանը։
Թեև փաստաբանը հրաժարվեց անուն հնչեցնել, սակայն մեր տեղեկություններով Վլադիմիր Գասպարյանն առերեսվել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ (Ալեքսանդր) Սարգսյանի թիկնապահների հետ, որոնք ևս անցնում են գործով։
Փաստաբանի խոսքով՝ հարցաքննության և առերեսման ժամանակ էական հակասություններ չեն եղել․ «Ընդամենը այդ առերեսումն է եղել։ Կարծում եմ, որ նախաքննության ավարտը կլինի քրեական հետապնդման դադարեցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց նա։
Անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի դիրքորոշմանը՝ փաստաբանն ասաց՝ ինչպես բազմիցս նշել է իր պաշտպանյալը, այս ամենը դիտարկում է երկրում տիրող ընդհանուր իրավական նիհիլիզմի համայնապատկերի մեջ։
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ դատարանում վիճարկել են Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշումը և սպասում են դատական նիստին։
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը ենթադրյալ չարաշահելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 25-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում տրվեց՝ փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:
Հիշեցնենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, 1997-2010 թթ․ զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, այնուհետեւ՝ մինչեւ 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, եւ 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Արդյունքում, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, զինծառայողները չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: