Մեծ Բրիտանիայում մեկ պացիենտ է մահացել, երկու պացիենտ բուժման կարիք ունի այն բանից հետո, երբ նրանց վարակված դոնորական օրգաններ են փոխպատվաստել:

The Daily Telegraph թերթի հաղորդմամբ՝ հետազոտության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի օգոստոսին տրանսպլանտոլոգը պատահաբեր ծակել է դիակային դոնորի ստամոքսը, և հեղուկը հայտնվել է մյուս օրգանների վրա: Այդ սխալի արդյունքում մի քանի օրգան վարակվել է Candida albicans սնկային վարակով, որը շատ վտանգավոր է իմունոդեֆիցիտով մարդկանց համար: Վիրաբույժը տեղի ունեցածի մասին չի զգուշացրել իր գործընկերներին, և 3 պացիենտ, որոնց փոխպատվաստել են այդ օրգանները, բախվել են մի շարք խնդիրների հետ:

36-ամյա պացիենտը, որի անունը չի նշվում, մահացել է անևրիզմից, որն առաջացել է դոնորի վարակված լյարդի պատճառով: 25-ամյա մյուս պացիենտի վարակված երիկամը անհապաղ հեռացրել են, նա բուժում է ստանում հիվանդանոցում: Բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական կոմայի մեջ մտցնել և արյան 16 փոխներարկում և դիալեզի պրոցեդուրա սկսել: Երրորդ՝ 44-ամյա պացիենտի վիճակը վատթարացել է երիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումից հետո:

Տեղի ունեցածի համար մեղավոր տրանսպլանտոլոգը խոստովանել է, որ իսկապես դոնորի ստամոքսի մեջ հազիվ նկատելի քերծվածք է թողել, սակայն դրան նշանակություն չի տվել և չի ֆիքսել դեպքը, և բժիշկներն ու պացիենտերն այդ մասին չեն իմացել:

25-ամյա պացիենտը դատի է տվել Oxford Trust բարեգործական կազմակերպությանը, որտեղ աշխատում է այդ տրանսպլանտոլոգը: Հիմնադրամի ներկայացուցիչները խոստովանել են մեղքն ու հիվանդին 215 000 ֆունտ սթեռլինգի չափով փոխհատուցում վճարել:

med.news.am