ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը լավ չի վերաբերում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը, ըստ որի՝ 10 մլն դրամ գումար վճարելու դեպքում կարելի է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Որպես ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ոնց պետք է մեկնաբանեմ, որպեսզի գումարով ազատվեն: Շատերն իրենց տները կծախեն, որպեսզի այդ 10 միլիոնը տան, այլ բան է, որ 100 միլիոն լիներ, տեսնեինք քանի՞ հոգի այդ 100 միլիոնը կտային, որպեսզի ազատվեին: Բայց 10 միլիոնը քննարկելու խնդիր չէ: Գտնում եմ՝ ճիշտ չէ: Ինձ համար, որպես ԳՇ պետ, առաջնային է, որպեսզի զորքերը համալրվեն, ուզում եմ՝ բոլորը հավասար ծառայեն», - ասաց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերը վերջին ամիսների ընթացքում մեծ աշխատանք են իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման ու զարգացման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս կրճատել ժամանակը զորքերի տեղաշարժի համար․ «Առանձին տեղերում տեղաշարժերի արդյունքում ունեցանք հենակետերի օպտիմալացում, որի շնորհիվ որոշակի հենակետերի զինծառայողներ ծառայությունը կազմակերպում են մեկ կետից՝ ավելի մեծ ուժերով»,- նշեց Դավթյանը:

Նա տեղեկացրեց՝ Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերն անցնող տարում ունեցան սպառազինության, ռազմական տեխնիկայի որոշակի նմուշների ավելացում: «Սա մեզ թույլ է տալիս ասել, որ այս ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում մենք վատացում չենք ունեցել, ունեցել ենք որոշակի բարելավում, որը մարտավարական բնույթ է կրել»,- նշեց գլխավոր շտաբի պետը:

Հավելեց նաև, որ թեպետ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ, որպեսզի ուժեղացնի Նախիջևանի համազորային բանակը, հայկական կողմը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում՝ թույլ չտալու հակառակորդին Նախիջևանի կողմից ունենալու սպառազինության գերակայություն: