ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի կողմից Իրաքի ամերիկյան բազաների ուղղությամբ իրականացված հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
 
«Կարծես թե, Իրանը նահանջում է և դա լավ է ողջ աշխարհի համար»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը:
 
Թրամփի խոսքով՝ նախազգուշացման համակարգի շնորհիվ հնարավոր եղավ զոհերից խուսափել:
 
Նա հայտարարեց, որ Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառի: Նա նաև նշեց, որ Իրանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին:
 
ԱՄՆ նախագահը նաև դիմեց Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Գերմանիային, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ կոչ անելով աշխատել Իրանի հետ նոր գործարքի շուրջ:
 
Թրամփը հայտարարեց, որ դիմելու է ՆԱՏՕ-ին՝ Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին ավելի ակտիվորեն մասնակցելու խնդրանքով:
 
«Մենք ուզում ենք, որ դուք ունենաք մեծ ապագա, որին դուք արժանի եք», - ասաց Թրամփը՝ դիմելով Իրանի քաղաքացիներին և ղեկավարությանը: