Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի խոշոր գործարար, միլիարդատեր Մյուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (գյուլենական շարժում) հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանցի գործարարը հեռախոսային կապի մեջ է եղել «Ֆեթուլլահական կազմակերպության» բարձրաստիճան ղեկավարության հետ, աշխատավայրում հանդիպումներ ունեցել կազմակերպության անդամ, Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող իմամ Ահմեդ Համդի Վուրալի հետ։
Թուրքիայի իրավապահ մարմինները նույն մեղադրանքով ձերբակալել են նաև Գուրբանօղլուի տեղակալին՝ Նուրայ Նուրջիհան Փերքերին, որը վարել է իր ղեկավարի գործերը։ Սակայն Փերքերին ազատ են արձակել «դատական վերահսկողություն» սահմանելու որոշմամբ։
Ստամբուլի ոստիկանության ստորաբաժանումները Գուրբանօղլուի և Փերքերի տներում իրականացված հետախուզության ընթացքում հայտնաբերել և առգրավել էին թվային սարքավորումներ։
Նշենք, որ Մանսիմով Գուրբանօղլուն «Palmali Group»-ի սեփականատերն է, որը հիմնել է 1998թ․: 2014թ․ հայտնվել է Թուրքիայի ամենահարուստ գործարարների տասնյակում։ Նա հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապերով։
2015-ին «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել է 1,3 մլրդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1415-րդ տեղում է:
Մանսիմովը մեղադրվում է նաև 21.2 մլն դոլար Էրդողանի ընտանիքին փոխանցելու, ինչպես նաև Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապերի մեջ, որը պատկանում է Էրդողանի աներորդուն և վերջինիս որդուն:
Գործարարը նաև 25 մլն դոլարի նավթային լցանավ է նվիրել Էրդողանի ընտանիքին օֆշորային գաղտնի համաձայնագրի շրջանակում: