Կալիֆոռնիայի Հայ կրթական հիմնադրամը հայտարարել է Արցախի պետական համալսարանին 100 հազար դոլար հատկացնելու մասին ' տեղեկատվական համակարգերի 4-ամյա ուսումնական ծրագրերի ֆիանսավորման համար: Այս մասին հաղորդում է «Asbarez»-ը: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է այս տարի: Գումարը կուղղվի համակարգչային սարքավորումների ձեռքբերմանը, ծրագրային ապահովման աշխատանքներին, դասախոսների աշխատավարձին:
«iArtsakh» նախագիծը սփյուռքի եւ ԼՂՀ միջեւ համագործակցության արդյունք է, որն իրականացվում է Հայ կրթական հիմնադրամի, «Գիտնականները հանուն գիտական, կրթական եւ մշակութային զարգացման» կազմակերպության, ԼՂՀ կառավարության եւ Արցախի պետական համալսարանի կողմից:
«Կարծում ենք, որ այս նախագիծը մեծ ազդեցություն կունենա ենթակառուցվածքների զարգացման առումով, որոնք անհրաժեշտ են ՏՏ ընկերություններին Լեռնային Ղարաբաղ տանելու համար»,-ասել է հիմնադրամի նախագահ Հերմինե Պահանյանցը:
«iArtsakh» նախագիծը ներկայումս որակյալ մասնագետներ է փնտրում Արցախի պետհամալսարանում դասավանդելու համար: