«Հայկ Մարությանի խոսնակը ստում է և փորձում է վարկաբեկել մեզ՝ քաղաքապետարանի աշխատակիցներիս, հայտարարելով, թե այս ծանր պահին պայքարում ենք պարգևավճարների համար: Իրականությունն այն է, որ բոլորս զզվել ենք տգետ ու անգրագետ Հայկ Մարությանից և ուզում ենք արժանապատիվ ղեկավար: Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անգրագետ ծաղրածուին այլևս չենք ուզում հանդուրժել»,- ասել է տեսագրությունը Տելեգրամի Mediaport ալիքին փոխանցած աշխատակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»:

 

Իրականությունը հետեւյալն է. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի եւ պատերազմի հարուցած իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգեւավճարներ:

 

Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգեւավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգեւավճարները:

 

Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ»: