Փետրվարի 12-ին, ժամը 08։30-ին Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջ են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհն ընդգրկում է մոտ 55 հա տարածք․ 2․5 հա անտառածածկ հատվածում՝ խաշամ և մոտ 52․5 հա անտառամերձ հատվածում՝ չոր խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից և Քարինջ գյուղի 15 բնակիչ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 17։15-ին։ Այրվել է մոտ 57 հա խոտածածկ տարածք:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, ժամը 16։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 40 հա տարածքում։
Ժամը 20։01-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և անտառտնտեսության 7 աշխատակից։