Ինչպես հայտնի է, Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը: Սակայն ուշագրավը ոչ թե Հայաստանի ներկայացուցչի ելույթն էր, այլ՝ նրա դիմաց շրջված դրված Հայաստանի դրոշը:
Հատկանշական է, որ այս տարվա ապրիլին, երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել էր Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, վերջինիս դիմաց շրջված էր դրված Ռուսաստանի դրոշը։ Այն ժամանակ քննարկումների առիթ էր տվել հատկապես Մուրադովի դեմքի արտահայտությունը։
Բումերանգի էֆեկտը չուշացավ․ Մուրադովի դիմաց թարս դրված դրոշի պատասխանը տրվեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Ուշագրավ է վերհիշել նաև դեռևս 2018 թվականին տեղի ունեցած մի դրվագ․ այն ժամանակ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում կոշտ նկատողություն էր արել մաքսային ծառայության աշխատակցին՝ ՀՀ պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար, այնուհետև հրահանգել էր աշխատանքից ազատել նրան։