ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ վարչապետի միջնորդությամբ անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել են «Յունիքոմփ» ՓԲԸ-ի  եւ «Անտարես» ՍՊԸ-ի տնօրենները: 

Դժվար է, իհարկե, հասկանալ, թե այս երկու ընկերությունները ինչ ավանդ են ունեցել ՀՀ տնտեսության զարգացման վրա, որը փաստացի չի էլ զարգացել: Մի բան ակնհայտ է, եթե խոսում ենք տնտեսական զարգացման մասին, ապա դա առաջին հերթին վերաբերվում է հենց այս երկու ընկերություններին և նրանց ղեկավարներին:

Իսկ Արմեն Մարտիրոսյանը ընդհանրապես այն անձն է, ով հայերին օկուպանտ է անվանել:  Մինչ ողջ հանրությունը քննարկում էր, թե ՀՀ իշխանությունների թողտվությամբ ինչպես է թնշամին՝ ադրբեջանական կողմը, ներխուժում Հայաստանի տարածքներ՝ Սյունիք, ընդհուպ մինչև Գորիս, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որը շատերի զայրույթն էր առաջացրել: Նրա գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: Էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»:

Արմեն Մարտիրոսյանն այն անձն էր, ով այս 2.5 տարիների ընթացքում լավագույնս օգտվել է «հեղափոխական» իշխանությունների, Փաշինյանի կառավարության ծրագրերից՝ ՀՀ պետբյուջեից: Նախորդ  տարվա օգոստոսին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավն իրականացնելու համար պետբյուջեի հաշվին «Անտարես» հրատարակչությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ կնքել էր 21 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր։

 Կառավարության դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով էլ 48 մլն 900 հազար դրամ էր հատկացվել Հայաստանի վարչապետի աշխատակազմին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։ Մեկ անձից գնումն իրականացրել էր դարձյալ «Անտարես» հրատարակչությունը։

Ուսումնասիրություն է կատարել նաև AntiFake.am-ը, ինչի արդյունքում պարզել է, որ ընդհանուր առմամբ՝ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը մատուցել է 87.317.862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48.900.000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից՝ հարկատուների հաշվին ստացել է 136.217.862 ՀՀ դրամ։

Ինչ վերաբերվում է «Յունիքոմփ» ընկերությանը, ապա այս ընկերությունն էլ մեկ անձից գնման ընթացակարգով մի քանի միլիոն դրամի տեխնիկա է մատակարարել պետական գերատեսչություններին: Օրինակ՝ 2020-ին նախագահի աշխատակազմը 75,000 դրամի դյուրակիր համակարգիչ էր գնել, ԿԸՀ-ն 205 հազար դրամի համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ: Երևանի քաղաքապետարանը այս տարի նույնպես համագործակցել է տվյալ ընկերության հետ՝ գնելով 242 հազար դրամի հեռախոս: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: «Յունիքոմփ» ընկերությունը՝ 1․5 միլիոն դրամի հանգանակություն է կատարել ՔՊ-ին:

Եթե որևէ մեկն էլ տնտեսապես զարգացել է այս ընթացքում, ապա դրանք միայն վերը նշված ընկերություններն էին և ոչ մի դեպքում՝ ՀՀ տնտեսությունը: