Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Էլյազյանը ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում բացատրեց, որ հրդեհ եղել է, բայց պայթյուն՝ ոչ, քանի որ պատրոնը 100-ից ավել ջերմաստիճան պետք է վերցնի, որ պայթի, իսկ հրդեհը շատ փոքր է եղել: «Միայն վրանի մի հատվածն է վառվել, քանի որ քամին կրակը տարուբերել է: Այդքան էլ վտանգավոր բան չի եղել, ուղղակի երեխան մի քիչ անուշադիր է եղել»,- նշեց տեղակալը:
Գագիկ Էլյազյանը ասաց նաև, որ վրանների վիճակը այդքան էլ վատ չէ, պարզապես կան տեղեր, որ արդեն ցրտել են, զինվորներն էլ թթի ցախեր են վառում:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ զինվորներին տրվել է նոր վրան, Գագիկ Էլյազյանը պատասխանեց. «Չէ, չեն տրվել դեռ, այդ վրանները ոչ թե այնտեղ գիշերելու համար են, այլ պարզապես տղաները այդտեղ սնվում են, իսկ գիշերում են դոմիկներում»,- ընդգծեց նա:
Մեր հաջորդ հարցից պարզ դարձավ, որ տնակներում ևս դեռ չկա որևէ ջեռուցում. «Տնակներում ոչինչ չի վառվում, տաքացուցիչներ առայժմ հատկացված չեն, զինվորները դեռ չեն անցել զինվորական տաք հագուստի, եթե անցնեն ու ցրտերն էլ հասնեն էն աստիճանի... երևի ձմեռային հագուստի ժամանակ մի բան կմտածեն զինվորներին տաքացնելու համար»,- եզրափակեց Տեղ համայնքի ղեկավարի տեղակալը: