Մագիստրոսներին կրթաթոշակներ հանձնելուց հետո հերթը ասպիրանտներինն է։ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ ասպիրանտական կրթաթոշակներ հանձնվեցին հայտարարված ծրագրի 10 հաղթողներին։
Մեկ տարի շարունակ, ամսական ստանալով 370000 ՀՀԴ կրթաթոշակ, ակնկալվում է, որ գիտնականները կկենտրոնանան իրենց գիտական աշխատանքների վրա ու չեն մտածի զուգահեռ գումար վաստակելու մասին։
Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը եթե մագիստրոսներին աջակցությունը որակեց հաղթանակ, ապա ասպիրանտներին կրթաթոշակների հանձնումը՝ հպարտություն։
«Այստեղ մարդիկ են, որոնք որոշել են մագիստրոսական ծրագրից հետո զբաղվել ֆունդամենտալ գիտությամբ և ցանկացած ընկերության, ցանկացած ՀՀ քաղաքացուն պատիվ է բերում, որպեսզի այդ գիտնականը մաս լինի իրենց հաջողությանը։ Հայաստանի 10 լավագույն ասպիրանտի, որոնք լավագույն ծրագրերն են իրականացնում, մենք ընդամենն օգնում ենք շարունակել իրենց աշխատանքը, որովհետև այդ մարդիկ համալրելու են մեր գիտահետազոտական ինստիտուտները, զբաղվելու են ֆունդամենտալ գիտությամբ և, այդ թվում՝ Ֆիլիպ Մորրիսի PMI Science ընկերությունը օգտվելու է իրենց աշխատանքի արգասիքից։ Կարծում եմ՝ սա պատիվ և խանդավառություն է»։
Պրոդուկտների եւ տեխնոլոգիական պրոցեսների գծով փոխնախագահ Լուկա Ռոսսին այն կարծիքին է, որ պետք է ներդրումներ կատարվեն տեխնոլոգիայի և գիտության մեջ։ «Մենք այստեղ էինք 2018 թվականին, գտանք լավ աղբյուր տեխնոլոգիայի և գիտության համար: Ուստի մենք ներդրումներ ենք կատարել այս գիտահետազոտական կենտրոնում, այս գեղեցիկ կենտրոնում ներդրել ենք գիտնականների, գիտական նախագծերի մեջ։ Ակնհայտ է, որ գիտությունն ու տեխնոլոգիաները երկրի կյանքի հիմքն են, երկրի տնտեսական ներուժը։ Այսպիսով, դա ձեռնտու է PMI-ի համար, քանի որ մենք պատրաստվում ենք օգտագործել նախագծեր և նոր լուծումներ, որոնք օգուտ կբերեն մեր հաճախորդներին, բայց դա նաև ձեռնտու է երկրի համար։ Եթե մենք ձևավորենք և ստեղծենք ապագա գիտնականներին՝ նրանք կստեղծեն ստարտափեր, նոր ընկերություններ, ծառայություններ, որոնք կխթանեն տնտեսությունը և նաեւ թույլ կտան նրանց աշխատանք տրամադրել երիտասարդ գիտնականների համար և մնալ Հայաստանում, և, հնարավոր է, նաեւ Հայաստանից դուրս գտնվողներն էլ մոտիվացիա ունենան վերադառնալ Հայաստան, վերալիցքավորեն տեղական գիտությունը եւ տեխնոլոգիաները»,-ասաց Լուկա Ռոսսին:
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը այս նախաձեռնության մասին մեզ հետ զրույցում ասաց, որ առհասարակ դրամաշնորհներ ստանալը ազդակ է՝ այն ինչով զբաղվում է ասպիրանտը շատ կարևոր է, ունի գիտական արժեք և կարող է բերել գիտական արդյունքի և առնվազն ոգևորիչ է։ Առաքելյանի խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները պահում են ասպիրանտներին գիտական ոլորտում և թույլ տալիս շարունակել գիտական կարիերան։
ԵՊՀ Կենսաքիմիքայի, մանրեաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի 1-ին կուրսի ասպիրանտ Լիանա Վանյանը, ով այս ծրագրի շահառուներից մեկն էր, ասում է, որ ընդհանրապես երիտասարդ տարիքում, երբ մեծ ցանկություն կա ինչ որ հետազոտություն անելու և որևէ միջոց չի բավարարում՝ կարող է ընկճել գիտնականին, իսկ այս աջակցության շնորհիվ հնարավոր կլինի և՛ հետազոտությանը օժանդակող նյութեր ձեռք բերել, և՛ ընդհանրապես ավելի ոգևորիչ է դառնում հետազոտությունը ավելի ակտիվ և ճիշտ ժամանակներում անելու համար։