ՌԴ ՆԳՆ այսօր տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանից Ռուսաստան աշխատելու է մեկնել մոտ 300 հազար մարդ: Հայաստանյան վիճակագրությունը համեստորեն լռում է այս թվերի մասին` առաջին պլան բերելով նոր բացված, իսկ իրականում ստվերից դուրս բերված հազարավոր աշխատատեղերի մասին: Իհարկե, տրամաբանական հարց է առաջանում` եթե ամեն ինչ այդքան լավ է ներքին աշխատաշուկայում, ապա ինչո՞ւ են 300 հազար ՀՀ քաղաքացիներ որոշել աշխատել ՌԴ-ում, ոչ թե Նոր Հայաստանում:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պարբերաբար մեղադրում էր օրվա իշխանություններին ազգը խոպանչի դարձնելու մեջ: ԱԺ իր ելույթներից մեկում Փաշինյանը, օրինակ, հայտարարել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ միլիոն դոլարից ավելի շահույթ է ստացել միայն գյուղմթերքի վաճառքից. - «Իսկ այդ ընթացքում տասնյակ հազարավոր գյուղացիներ ընկել են տոկոսի տակ, տներն են ծախել, փախել են ստեղից, խոպան են գնացել»,- ասել էր Փաշինյանը:
2020 թվականին արդեն վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ «Էս տարի, եթե կորոնավիրուսը մեզ չխանգարի, նկատի ունեմ, եթե ստիպված չլինենք նորից վերադառնալ կարանտինային ռեժիմի, կապիտալ ծախսերի գծով արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը մենք կապահովենք: Էս պահին մեր հատկացրած և հատկացվելիք միջոցները և այն փոփոխությունները, որ մենք կիրականացնենք բյուջեում, կլուծեն այդ հարցը, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնածներն անեն նույն աշխատանքը, բայց ՀՀ-ում»։
Հարց է առաջանում՝ համավարակը որպես պատուհա՞ն էր պահում Փաշինյանը, որպեսզի հետագայում նրա կողմից ասված եթե-ն կարողանա որպես հիմնավորում օգտագործել, թե ինչու չհաջողվեց կանխել աշխատանքային միգրացիան: Եվ, իհարկե, զարմանալի է, որ նախկինում ազգը խոպանչի դարձնելու մեջ իշխանություններին մեղադրող Փաշինյանը , այսօր ռեկորդներ է խփում այդ նույն խոպանչիների թվերով, սակայն, իշխանությունները լռում են, և նրանց համար, կարծես թե, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի էլ ունենում: Ընդամենը՝ երկիրն է դատարակվում...