Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականի մարտից ընթացող սիրիական հակամարտության պատճառով երկիրը լքած սիրիացի փախստականների քանակը հասել է 1.3 միլիոնի: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Էդուարդո Դել Բուեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մոտ 1.3 միլիոն սիրիացի՝ որպես փախստական է գրանցվել հարևան երկրներում ու Հյուսիսային Աֆրիկայում:
Նա հավելել է, որ փախստականների ավելի քան կեսը Սիրիան լքել է վերջին 3 ամսվա ընթացքում, որոնք դարձել են կառավարության ու ընդդիմության միջև հակամարտության ողջ ընթացքում ամենաարյունալի ամիսները:
Բուեյը մանրամասնել է, որ վերջին 4 շաբաթվա ընթացքում միջին հաշվով Սիրիան օրական լքել է մոտ 7000 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 70.000 և վիրավորվել է մոտ 100.000 մարդ:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Սիրիայում ներկրումը նվազել է 97.3 տոկոսով, իսկ արտահանումը՝ 78.4 տոկոսով: Ի դեպ, 2013 թվականի մարտը ճանաչվել է որպես Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ամիս: Իրավապաշտպանների տվյալներով՝ մարտին Սիրիայում սպանվել է 6005 մարդ: Դա գերազանցում է սիրիական հակամարտության առաջին 9 ամիսներին գրանցված զոհերի քանակը: