Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի միջև հանդիպում է կայացել։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները զարգանում են հավասար գործընկերության հիման վրա։
Բայրամովը գոհունակությամբ է նշել էներգետիկ ոլորտում ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը։
Նախարարը զրուցակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացի, ինչպես նաև ականների սպառնալիքի մասին։ Նա խոսել է նաև տարածաշրջանում իրականացվող վերականգնողական և վերակառուցման աշխատանքների և, մասնավորապես, ԵՄ հնարավոր դերի մասին։
Հանձնակատար Օլիվեր Վարհելին նշել է, որ Ադրբեջանի հետ գործընկերությունը մեծ նշանակություն ունի ԵՄ-ի համար, և կարևոր է այդ հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հուսալի գործընկերն է։ Հանձնակատարը նշել է, որ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում Ադրբեջանին հատկացվել է 2 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ, որի շրջանակներում դիտարկվում է կոնկրետ նախագծերի իրականացումը։ Օ.Վարհելին նաև հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացին։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կապի, ոլորտային համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության իրականացման շուրջ։
Հանդիպմանը փոխադարձաբար արտահայտվել է նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կարևորությունը, որը կդառնա Ադրբեջանի և ԵՄ հարաբերությունների իրավական հիմքը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։