Ադրբեջանի ոստիկանական բաժանմունքներից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. հարցաքննության նպատակով բերման ենթարկված տղամարդը պատուհանից նետվել է:
Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից, դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ, Լենքորանի շրջանի ոստիկանության բաժանմունքում.1969թ-ին ծնված Ջամիլ Բաբաևը նետվել է 4-րդ հարկի պատուհանից: Տղամարդը ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի լուրջ վնասվածքով հոսպիտալացվել է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Vesti.az կայքի հաղորդմամբ՝ Բաբաևը ոստիկանության բաժանմունք է բերվել թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախկինում մեկ անգամ դատված Բաբաևն այդկերպ փորձել է փախչել իրավապահներից: Շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ տղամարդը փորձել է ինքնասպան լինել, որպեսզի երկրորդ անգամ ճաղերի ետևում չհայտնվի:
Բաբաևի ընտանիքի անդամները և հարազատները, սակայն, վերոնշյալ երկու վարկածներից և որևէ մեկին չեն հավատում: «Մենք չենք հավատում, որ Ջամիլն ինքն է նետվել պատուհանից և պահանջում ենք մանրազնին քննություն ացկացնել»,-Haqqin.az-ի հետ զրույցում պատմել են Բաբաևի հարազատները: