Կոռուպցիոն երևույթների դեմ հուժկու պայքար մղող Նիկոլ Փաշինյանը, թերևս, այնքան էլ անկեղծ չէ իր մղումներում կամ պարզապես տեղյակ չէ, որ մի շարք պաշտոնյաներ տնով-տեղով փորձում են մոնոպոլիզացնել մի ամբողջ ոլորտ:

Դիցուք՝ այն բանից հետո, երբ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՔՊ-ի ջանքերով ընտրվեց հաշվեքննիչ պալատի նախագահ, շատերի մոտ հարցեր էին առաջացել` արդյո՞ք չկա շահերի բախում այն հանգամանքում, որ, ստանձնելով այդ պաշտոնը, նա, ըստ էության, ինչ-որ  տեղ պետք է աուդիտ անցկացնի այն բյուջեի կամ այն համակարգի նկատմամբ, որը վերջին երեք տարիներին անձամբ ղեկավարել է:

Սա էլ դեռ բավարար չէր, մամուլում մի շարք ուշագրավ գրառումներ հայտնվեցին Ատոմ Ջանջուղազյանի եղբոր ղեկավարած ՓԲԸ-ի վերաբերյալ: Դիցուք՝  գրել էին որ «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ն, որի տնօրենն է հանդիսանում Գագիկ Ջանջուղազյանը, տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող ոլորտի՝ պետական գնումների կազմակերպմամբ, գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: 

Այնուհետև Հրապարակը գրեց այն մասին, որ Ատոմ Ջանջուղազյանը 2018թ. դեկտեմբերի վերջերին ժամանակավորապես կասեցրել էր «Ինտեր Լիմենս» ՍՊԸ-ի գործունեությունը: Սակայն այժմ էլ  մշակվել է մի նոր եղանակ՝ պետական գնումների ամբողջ ոլորտը մենաշնորհելու ուղղությամբ:

«Ո՞ւմ ձեռքին են կենտրոնացած պետական գնումները» հոդվածում 168.am-ը գրել էր, որ ըստ մամուլի հրապարակումների և համացանցում տեղ գտած տվյալների՝ «Ինտեր լիմենս» ՓԲԸ հաճախորդներից են եղել՝ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը, «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, Ծաղկաձորի քաղաքապետարանը, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և այլն։ Գագիկ Ջանջուղազյանը հոդվածում նշվում է որպես ՓԲԸ-ի փաստացի տերերից մեկը:

Ինչպես հասկանում ենք՝ Նոր Հայաստանում Ջանջուղազյան եղբայներն իրենց վատ չեն զգում. մի եղբայրը շարունակում է Փաշինյանի ձեռքից բարձր պաշտոնների ստանալ, իսկ մյուսը, ըստ էության, բավականին լուրջ և ազդեցիկ դեր ունի գնումների ոլորտում: Հարց է առաջանում՝ Փաշինյանը իրո՞ք չի նկատում առկա կոռուպցիոն ռիսկը, թե պարզապես չի ցանկանում այն նկատել: Դատողությունները թողնում ենք ընթերցողին...