ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ՝ հունիսի 10-ին, կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 10-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին»,- լրագրողների համար ճեպազրույցում հայտնել է Զախարովան՝ հիշեցնելով, որ «Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»։
Հանդիպման մասնակիցները կամփոփեն ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամ երկրների վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Բացի այդ՝ կողմերը կքննարկեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման հարցը։
Սպասվում է 2022-2024 թվականների համար արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների պլանի ստորագրում։
Լավրովի մասնակցությամբ Երևանում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։