Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի ղեկավարի համար կրիտիկական պահին, գրում է Bloomberg-ը։ Ըստ հրապարակման՝ Սոչիում կողմերի բանակցությունները կհանգեցնեն նրան, որ Անկարան կկարողանա մասամբ անցնել ռուսական գազի համար ռուբլով վճարելուն՝ դրանով իսկ կայունացնելով լիրայի փոխարժեքը և խուսափելով երկրի ներսում գների կտրուկ աճից։
Ինչպես նշվում է, նման քայլերը Էրդողանի համար չափազանց կարևոր են հաջորդ տարի կայանալիք նախագահական նոր ընտրությունների նախաշեմին։ Bloomberg-ի տեսաբանները նշում են, որ Թուրքիայի նախագահի վարկանիշը մոտենում է ռեկորդային ցածր մակարդակին, իսկ տնտեսական իրավիճակը լրջորեն անհանգստացնում է ընտրողներին։
«Եվ Պուտինի հետ բանակցությունները տեղի ունեցան անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ոսկու և արտարժույթի պաշարներն արդեն ավելացել էին ռուսական պետական միջուկային էներգետիկ կորպորացիայից իր թուրքական դուստր ձեռնարկությանը Միջերկրական ծովի ափին ատոմակայան կառուցելու միջոցների փոխանցման պատճառով»,- ասվում է հոդվածում։
Միաժամանակ, Bloomberg-ը նշում է, որ Էրդողանը «քայլում է եզրագծերով»՝ զարգացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության շարունակման ֆոնին, որը հրահրել է Արևմուտքի կոշտ պատժամիջոցները։ Թուրքիան այս իրավիճակում չեզոք դիրք գրավեց՝ դատապարտելով ռազմական գործողությունները, բայց չկիրառելով սահմանափակող միջոցներ Ռուսաստանի դեմ։ Հրապարակման դիտորդներն ընդգծում են, որ Անկարան ակնկալում է խորացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ և, միևնույն ժամանակ, չի ցանկանում լայնամասշտաբ խզում հրահրել ՆԱՏՕ-ի ավանդական դաշնակիցների հետ։
Ավելի վաղ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության և լրատվամիջոցների հետ փոխգործակցության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ Էրդողանի այցը Սոչի ապացուցեց Ռուսաստանին Արևմուտքի ռազմավարության ձախողումը։